«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ:

Այս առնչությամբ, «Ժողովուրդ» օրեթերթի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հունվարի 25-ին Խաչիկ Խաչատրյանի կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար` փաստաբանների աշխատանքի համար): Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ:

Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա»` պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: Եւ ահա, «Ժողովուրդի» հայցադիմումից 12 օր անց  միայն հասկանալով, որ ինքը եւս վիրավորվել է, օլիգարխն  իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել` ներողությունից խուսափելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի  «դիմակը պատռելու» համար: Կարծում ենք` բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի եւ նրա հովանավորների համար ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան` հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որօրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից հայտնել էին, թե պատճառն այն է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում:

Պատճառն ըստ թերթի` նախկինում հրապարակված տեղեկությունն էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա»  ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: «Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»,- գրել էր թերթը` ներկայացնելով նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը:

«Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում»,- նշել է թերթի խմբագրությունը: