«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հույս ունի, որ թեկնածուներից գոնե մեկը կմիանա իրեն եւ կհանի թեկնածությունը: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ որեւէ պայմանավորվածություն չկա թեկնածուների հետ, նա նրանց դիմում է հրապարակավ:
Նա նույնիսկ քվեարկության օրը չի պատրաստվում գնալ եւ իր քաղաքացիական պարտքը կատարել: Ընտրողներին եւս կոչ է անում չմասնակցել ընտրություններին:
Հարցին, թե իր թեկնածությունը հանելու դեպքում ժողովուրդը կամ գոնե իր ընտրազանգվածն ո՞ւմ է ձայն տալու, նա պատասխանեց, որ ինքը չի մտածում իր ընտրողների մասին, մտածում է յուրաքանչյուր ընտրողի մասին՝ մասնակիցների եւ չմասնակիցների: «Ես հնարավորություն եմ ուզում տալ, որպեսզի այն ընտրողները, որոնք իրենց ձայն են տվել, ունենան թեկնածու»,- ասաց նա: Արամ Հարությունյանը վստահ է, որ իր ընտրազանգվածը ափսոսում է, որ ինքը թեկնածությունը հանում է, բայց շատերը նաեւ հասկանում են, թե ինչու է այդպես վարվում:
«Ես իմ ընտրողներին կխաբեմ, եթե գնամ մտնեմ քվեաթերթիկ»,- ասաց նա: Նախագահի թեկնածուն հայտնեց, որ վստահ է, որ իր ընտրազանգվածը չի գնալու ընտրություններին, իսկ իր ընտրազանգվածը չի համարում փոքրաթիվ մարդիկ, «դա շատ մարդիկ են»: Նա նշեց, որ թեեւ սոցհարցումներով՝ ինքն ունի ընդամենը մեկ տոկոս ձայն, բայց կարծում է, որ իրականում շատ ձայն ունի, իսկ փետրվարի 18-ից հետո ավելի շատ ձայն է ունենալու:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























