Այսուհետ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պետք է որոշի հեռուստատեսությամբ ցուցադրվող որեւէ հաղորդում խեղաթյուրո՞ւմ է պատմական փաստերը, թե՞ ոչ: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Հարցին, թե դա ինչպե՞ս պետք է որոշի հանձնաժողովը, հաշվի առնելով, որ տարբեր պատմիչներ տարբեր կերպ են ներկայացնում ու մեկնաբանում պատմությունը, նա պատասխանեց, որ դա որոշելու համար ճշգրիտ մեխանիզմներ չկան, եւ հնարավոր չէ մաթեմատիկական բանաձեւով դա պարզել: Նրա խոսքով, նման սուբյեկտիվ որոշման համար նախատեսվել է, որ գործի 8 հոգանոց կոլեգիալ մարմին: «Խոսքը չի վերաբերում գիտական քննարկումներին: Նման քննարկումների ժամանակ չի կարելի ասել, որ որեւէ կարծիք պատմական փաստի խեղաթյուրում է»,- ասաց Գ. Ամալյանն ու հավելեց, որ եթե հակառակ տեսանկյունից դիտենք, ապա պետք է ընդհանրապես վերացնել պատմություն առարկան, քանի որ «ո՞վ կարող է որոշել, թե հենց ներկայացված պատմությունն է իրականությունը»: