Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դրությունը սովորականի նման է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Պն-ի կողմից` լարվածության կտրուկ աճի վերաբերյալ արված հայտարարությունը:

«Հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմը պահպանմանը, իսկ սահմանին լարվածության կտրուկ աճի վերաբերյալ արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս տարվա հունվարին Ադրբեջանը մոտ 860 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Մոտ 160 անգամ Ադրբեջանի ԶՈւ-ն օգտագործել է դիպուկահար զենք, մոտ 20 անգամ`  ծանր տրամաչափի, այդ թվում`  15 ծանր տրամաչափային դիպուկահար զենք: Հունվարին, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

2012 թվականին Ադրբեջանը հրադադարը խախտել է 16 300 անգամ: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ բնագավառում մշտապես ձգտում է նոր ռեկորդների հասնել. Եթե  2006 թվականին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է  մոտ 600 անգամ, ապա 2007 թվականին` 1400 անգամ, 2008-ին` 3500 անգամ, 2009-ին` 4600 անգամ, 2010-ին` 7200 անգամ, 2011-ին` ավելի քան  12 600 անգամ: