Շատ տարօրինակ է, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց որպես մահափորձ. դա հանցագործություն էր: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով` դրանով փորձ արվեց, որ այս քարոզարշավը խաղաղ ֆոն չստանա, որի հետեւանքով դիտորդները կարող են արձանագրել, որ որակյալ մրցակցություն չի ապահովվել:
«Ոչ ոք մարդասպանի կողքը չի եղել, որ ասի ուզում էր սպաներ, թե` վիրավորեր: Բայց անմիջապես մտցվեց «պետականության դեմ ուղղված մահափորձ» արտահայտությունը: Պետականության խորհրդանիշը դրոշն է, օրհներգը, զինանշանը, բայց մարդը չէ»,- նշեց Արմեն Բադալյանը:
Նա առանձնացրեց նաեւ այն հանգամանքը, որ միանգամից շրջանառության մեջ դրվեց ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունների դեմ ուղղված վարկածը: «Նրանք պրոֆեսիոնալ զինվորականների են ուղարկում: Ստացվում է, որ Հայրիկյանի դեպքում, փաստորեն, ռուսական իմպերալիզմի հատուկ ծառայությունները հավանաբար քիլերին ֆայլա բազարից էին գտել, որ 30 սմ-ից վրիպեց: Եթե ուզեին ոչնչացնել` կոչնչացնեին»,- ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո նրա վարկանիշը բարձրացել է, քաղտեխնոլոգը նկատեց, որ ազնիվ քվեակություն չի լինելու եւ մասնակցության թիվը նկարվելու է Բաղրամյան 26-ում: «Ավելին, մենք արդեն ստանում եք տեղեկություններ, որ շրջաններում մարդկանց տներ են մտնում եւ գումար առաջարկում, որ գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք միայն, թե գնացեք»,- ընդգծեց Արմեն Բադալյանը եւ ավելացրեց, որ Բաղրամյան 26-ում (նախագահի նստավայր) են որոշելու, թե ով է երկրորդ տեղ գրավելու: Նա ասաց, որ ըստ իշխանական սոցիոլոգիական հարցումների, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Անդրադառնալով մյուս թեկնածուներին, Արմեն Բադալյանն ասաց, որ փիառ տեխնոլոգիաները պետք է բխեն հասարակության արժեհամակարգից, հետեւաբար երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է մազերը վարսավիրանոցում կտրելու կամ ձեռքով բարեւում է քաղաքացիներին, դա լուրջ չի ընկալվում: Իսկ Հրանտ Բագրատյանն, ըստ նրա, գյուղ առ գյուղ ընկած Հարվարդի համալսարանի տնտեսագիտություն է բացատրում: Հայրիկյանն էլ, ըստ նրա գերագնահատում է իրեն:





























