«Նախախորհրդարան» նախաձեռնությունը հորդորում է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը. «Նախախորհրդարանը», համերաշխություն հայտնելով Անդրիաս Ղուկասյանի քաղաքացիական կեցվածքին, միեւնույն ժամանակ նկատի ունենալով, որ արդեն 18 օր շարունակվող հացադուլը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը, Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը եւ հետագա պայքարը շարունակել այլ ձեւերով»:

Նշենք, որ «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամներ են, մասնավորապես, Գարեգին Չուքասզյանը, Հրանուշ Խառատյանը, Տիգրան Խզմալյանը եւ այլ քաղաքացիական ակտիվիստներ:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին, այսօր լրացել է նրա հացադուլի 18-րդ օրը: