Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատված  նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի ձեռքի ցավն ուժեղացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

Բանն այն է, որ Հայրիկյանի աջ ձեռքի հատվածում հեմատոմա է առաջացել, նյարդը վնասվել է, ինչը վերջին օրերին շատ է  անհանգստացնում նախագահի թեկնածուին, պարբերաբար ուժեղ ցավեր է ունենում, չի կարողանում հանգիստ քնել գիշերը եւ այլն:

Կախված նրա առողջական վիճակից եւ մի քանի այլ հանգամանքներից` հնարավոր է, որ Պարույր Հայրիկյանը փոխի որոշումը եւ դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով:

Կարո Եղնուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ՍԴ չդիմելու որոշումը չի փոխվել, սակայն չի բացառվում, որ այն փոխվի: Նրանք վերջնական որոշում կկայացնեն մինչեւ փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրադառնալով առողջական վիճակին` Կարո Եղնուկյանը նշեց, որ երկուշաբթի նրա վիճակը համեմատաբար լավ էր, այդ պատճառով էլ կարծում էին, թե ամեն ինչ հաղթահարված է, բայց փաստորեն ցավը նորից գլուխ է բարձրացնում: Մյուս հանգամանքը, Հայրիկյանի շտաբի ներկայացուցչի խոսքով, այն է, որ չդիմելով ՍԴ, իրենք այդ դուռը բաց թողեցին մյուս թեկնածուների համար, սակայն փոխանակ նրանք փորձեին մոտենալ նախագահի թեկնածուին, քննարկեին այդ հարցը, հակառակ ձեւով վարվեցին, մեղադրանքներ հնչեցրեցին եւ այլն:

Երկրորդ հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ մինչ օրս իրենք չգիտեն, թե ով է արել, ինչ է արել, ինչպես է արել, պաշտոնական ինֆորմացիա տեղի ունեցածի վերաբերյալ չկա, իսկ «երբ պաշտոնական ինֆորմացիա չկա, չար լեզուները իրենց գործն են անում»:  «Հետեւաբար` մենք փոխանակ մնացած չնչին ժամանակը վատնենք ընտրապայքարով զբաղվելով, վատնում ենք վարկածները հերքելով»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am