Գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) եւ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բարիշել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը:
«Ես քաղաքում չեմ եղել, բայց կարծես փաստաբաններն իրար մեջ համաձայնության են եկել: Գործը նայեցին, տեսան, որ իրականում ոչ մի խնդիր էլ չկար: Սաղ հարցերը լուծվել է»,-ասաց նա:
Հարցին, թե Ռուբեն Միրզախանյանի պահանջած գումարը տվե՞լ են, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, Միրզախանյանին չեմ հանդիպել, քանի որ քաղաքում չէի` երեկ եմ եկել: Փաստաբանները զբաղվում են այդ հարցով: Ախր ես այնքան հարց ունեմ, որ ժամանակ չունեմ ընկնեմ այդ խողովակների հետեւից: Չեմ էլ հիշում, թե ինչ խնդիր էր»:
Հիշեցնենք, որ Պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 164 հազար դրամ գումարի համար դատի է տվել գործարար Արայիկ Հայրապետյանին: Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը նրան մեղադրում է, որ համալսարանի շենքի առաջին հարկում «Լավանդա» դեղատանն ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքում վնասվել են բուհի խողովակները, ինչի պատճառով դադարեցվել էր բուհի ջեռուցումը։ Արայիկ Հյարապետյանի խոսքով` այդ 50 տարվա խողովակը անցել է իր տարածքի միջով, որը փտած է եղել: «Ես չեմ նորոգել, քանի որ դա իրենց սեփականությունն է, իրենք պետք է վերանոգեին: Մենք իրենց առաջարկել ենք տեղափոխել: Իրենք անձայն տեղափոխել են, հետո ինչ-որ աղմուկ են հանում եւ 164 հազար դրամի համար մտել են դատարան»,- ասել էր Արայիկ Հյարապետյանը: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է այդ գումարը վճարել, ասել էր, որ դատարանը ոնց որոշի, այնպես էլ կանի:




























