Երեւան քաղաքի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը երեք կանանց տեղափոխել է Թուրքիա` սեռական շահագործման նպատակով, որոնցից մեկն անչափահաս է եղել: Այդ կանանցից Էլմիրան Թուրքիայում զբաղվել է մարմնավաճառությամբ մինչեւ վիզայի ժամկետը լրանալը, Կարինեն չի էլ զբաղվել, քանի որ Թուքրիայում պարզվել է, որ նախկին մարմնավաճառի կանացի օրգանները հեռացված են: Իսկ անչափահաս աղջիկը, ում մինչ այդ Լուսինեն 4 ամիս պահել է իր տանը, առաջին անգամ Թուրքիայում է հասկացել, որ պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, երբ կիսամերկ տղամարդը «սոված հայացքով» մոտեցել է իրենց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` Լուսինե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում մոդելավորողի, վարսահարդարի եւ բնակարանների մաքրությամբ զբաղվողի բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստումներով, 2010-ից Երեւան քաղաքում հավաքագրել է նույն քաղաքի բնակչուհիներ Էլմիրա Ա.-ին եւ անչափահաս Մարիամ Գ.-ին (ծնված 1993 թվականի հունվարի 1-ին): Լուսինեն Կարինե Մ.-ին եւս տեղափոխել է Թուրքիայի Մարմարիս քաղաք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցվել:
Լուսինե Ներսիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ասել է, որ 1989 թվականից ինքը զբաղվել է հագուստի առեւտրով, հագուստներ բերելու եւ վաճառելու նպատակով հաճախ գնացել է Թուրքիա: Որոշ խնդիրների պատճառով ինքը որոշել է 2010 թվականի օգոստոսի 5-ին իր դստեր` Նարեին եւ նրա ընկերուհուն Մարիամին իր հետ տանել Թուրքիա: Նրա ներկայացմամբ, Մարիամ Գ.-ի պատճառով իր դուստրը կուսությունից զրկվել է, իսկ Մարիամը կուսությունից զրկվել է 13 տարեկանում: Ինչ վերաբերում է Կարինե Մ.-ին, ապա նա մոտ 7 տարի Երեւանի Լենինգրադյան փողոցում զբաղվել է մարմնավաճառությամբ:
Կարինեն հագուստ գնելու նպատակով գնացել է իր տուն եւ ասել, որ արդեն ծերացել է, վիրահատել են նրա կանացի օրգանները, որոնց պատճառով հաճախորդ չունի, եւ իրեն խնդրել մատուցողուհու աշխատանք գտնել: Տուժող Էլմիրա Ա.-ն դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Լուսինե Ն.-ի հետ ծանոթացել է հագուստի առեւտրով զբաղվելու ընթացքում: Լուսինեն իմացել է, որ ինքն իր ամուսնու հետ խնդիրներ ունի եւ առաջարկել է իր հետ գնալ Թուրքիա` աշխատելու: Լուսինեն ասել է, որ Թուրքիայում շատ ռեստորաններ կան, որտեղ կարող է աշխատել: Ասել է, որ Թուրքիայում ինքը կարող է աշխատել վարսահարդար, մերսող, դերձակ եւ նույնիսկ սպասք լվացող, սակայն հետո ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ հաճախորդներին գտել է Լուսինեն:
Մեկ անգամ մարմնավաճառությամբ զբաղվելու դիմաց Լուսինեն հաճախորդից վերցրել է 100 թուրքական լիրա, որից իրեն տվել է ընդամենը 50 լիրա: Յուրաքանչյուր օր ինքը մարմնավաճառությամբ պետք է զբաղվեր երկու անգամ, որպեսզի հյուրանոցի գումարը` 75 լիրան կարողանար վճարել:
Տուժող 19-ամյա Մարիամ Գ.-ն էլ ցուցմունք է տվել, որ իր ընկերուհի Նարեի միջոցով ծանոթացել է նրա մոր` Լուսինե Ներսիսյանի հետ եւ մոտ 4 ամիս ապրել է Լուսինեի տանը: Լուսինեն իրեն առաջարկել է նրա հետ գնալ Թուրքիա եւ 1.000 ԱՄՆ դոլար աշխատավարձով զբաղվել տան մաքրությամբ: Ինքը գտնվել է սոցիալապես անապահով վիճակում, բացի այդ, հավատացել եւ վստահել է Լուսինեին, քանի որ նրան շատ է սիրել ու հարգել: Այդ ժամանակ իր 17 տարին նոր է լրացած եղել, որի մասին Լուսինեն նույնպես տեղյակ է եղել: Մարիամը վստահ է, որ Լուսինեն տեղյակ է եղել իր 18 տարին լրացած չլինելու մասին, քանի որ իր անձնագիրը, սոցիալական քարտը, ծննդյան վկայականն ու երաժշտական կրթության դիպլոմը եղել են նրանց տանը:
Մարմարիս քաղաքում գտնվելու յուրաքանչյուր օր Մարիամը զբաղվել է մարմնավաճառությամբ, օրական մինչեւ 12 անգամ: Մարմնավաճառության դիմաց ստացած գումարներից Լուսինեն իրեն որեւէ գումար չի տվել` պատճառաբանելով, որ իր վիրահատության համար գումարներ է ծախսել, եւ ինքը դեռ նրան 1.000 ԱՄՆ դոլար պարտք է: Այդ վիրահատությունից մոտ երկու օր հետո ինքը կրկին զբաղվել է մարմնավաճառությամբ, քանի որ հետ վերադառնալու համար գումար չի եղել:
Քննելով գործը դատարանը վճռել է Լուսինե Ներսիսյանին, Էլմիրա Ա.-ի եւ Մարիամ Գ.-ի դրվագներով մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ պատիժ նշանակել ազատազրկում` 8 տարի ժամկետով:
2013թ-ի հունվարի 15-ին ստացվել է վերաքննիչ բողոք: Փետրվարի 20-ին նշանակվել է վերաքննիչ բողոքի քննության օրը:





























