Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում Հայաստանը նոր նախագահ կունենա: Այդ մասին այսօր` փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ հարգում է բոլոր թեկնածուներին, որոնք իրենց ավանդն ունեն Հայաստանի կայացման գործում: «Հարգում եմ բոլորին` սկսած երեք նախագահներից, որոնց ընդդիմադիր եմ եղել, վերջացրած Պարույր Հայրիկյանով, Հրանտ Բագրատյանով, Արման Մելիքյանով: Ճշմարտությունն ամեն ինչից վեր է, եւ թող ոչ մեկը չնեղանա, որ ասում եմ, թե արտագաղթը վերաբերում է իրեն եւ իր նախորդներին: Ես չեմ ուզում որեւէ մեկին ցավացնել, բայց իր (Սերժ Սարգսյանի-խմբ.) կառավարման 5 տարիներին Հայաստանը կորցրեց 200 հազար մարդու: Նախորդներն էլ չեն կարող չարախնդալ, քանի որ իրենց օրոք սկսեց արտագաղթը»,- նշեց Հովհաննիսյանը:
Վերջինս կասկած չունի, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում Հայաստանը կունենա նոր նախագահ: «Անգամ եթե շարունակվեն ցուցակագրումները, անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե երկրորդ փուլ չլինի, նշանակում է, որ երկիրը կործանվում է»,- նշեց Հովհաննիսյանը` որպես օրինակ նշելով գործող նախագահի հայրենի Տեղ գյուղը, որտեղ նախագահի պաստառները փակցրել են օրենքի խախտումով. «Խախտումներ կան, դրանք համատարած են, եւ կարեւոր չէ` հրահանգված են, թե արջի ծառայություն են, եթե ժողովուրդը դուրս գա թմբիրից, հաղթելու է»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























