Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը կհայտնվի ձախողման ռիսկի տակ:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Բանն այն է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանի համար շատ դժվար կլինի դուրս չգալ Մինսկի գործընթացից, իսկ այդ դեպքում Մինսկի խմբի հետագա գործունեությունն առանց Ադրբեջանի անիմաստ կդառնա»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով` Մինսկի գործընթացն անվտանգության ձեւաչափերից մեկն է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական հարաբերություններում: «Այդ ձեւաչափն ունի իր որոշակի գործառույթները եւ Հայաստանի իշխանությունները ոչ մի դեպքում դրանք չեն ձախողի, նույնիսկ եթե երկրի ղեկավարի պաշտոնում հայտնվեն հայկական քաղաքականության ամենաէկզոտիկ ներկայացուցիչները»,-ընդգծեց Իսկանդարյանը:

Դիտարկմանը, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ անկախությունը, քաղաքագետն արձագանքեց, որ ցանկացած նախագահի թեկնածու մինչ նախագահ դառնալը կարող է շատ բաների մասին հայտարարել, սակայն երբ մարդը զբաղեցնում է նախագահի աթոռը, նա, անկասկած, կվարվի այնպես, ինչպես պահանջում են երկրի շահերը: «Դա կոչվում է «աթոռի գործառույթներ».- ամփոփեց նա:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am