Իմ առաքելությունն այն է, որ խոսեմ առկա անհաղթահարելի խոչընդոտների մասին` կապված որոշ ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից նախագահի թեկնածուներ չառաջադրելու հետ: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, ասուլիսում նշեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

«Ակնհայտ է, որ ճնշում է գործադրվել, հատկապես «Բարգավաճ Հայաստանի» վրա, քանի որ այնտեղ արդեն նշանակվել էին նախընտրական շտաբների ղեկավարներն ու նրանց տեղակալները եւ հանկարծ, ԲՀԿ առաջնորդը որոշում է կայացնում չառաջադրել իր թեկնածությունը: Այս մասին ոչ ոք հստակ չի խոսում, իսկ ես օգտվեցի իմ հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնեմ այդ մասին»,-նշեց Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով` իր ինքնաբացարկից հետո առաջին անգամ իշխանությունն ու երկրի գործող նախագահն սկսել են նյարդայնանալ եւ Սերժ Սարգսյանն սկսել է կոպտել լրագրողներին:

«Եթե ես չլինեի, Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ կշարունակեր բարեւել բոլորին, մինչեւ հասներ Սերժ Սարգսյանին եւ չշնորհավորեր նրան: Պարույր Հայրիկյանը կպատմեր իր կենսագրությունը եւ կերգեր, իսկ Հրանտ Բագրատյանը կիթառ կնվագեր եւ մի քանի հազար քայլ կաներ, իսկ վերջում ստիպված կլինեին շնորհավորել երկրի գործող նախագահին»,-ընդգծեց նախագահի արդեն նախկին թեկնածուն, հավելելով, որ ստեղծված իրավիճակը կարելի է փոխել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am