Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանել է երեկ իր հասցեին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի կողմից արված հայտարարություններին: Հիշեցնենք, որ երբ լրագրողները Գ. Ամալյանին հարց ուղղելիս հիշատակել էին ՄԻՊ-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ արտահերթ զեկույցը, նա ասել էր, թե թող ավելի լուրջ զեկույցների մասին հիշատակեն, ու նաեւ Պաշտպանի զեկույցը որակել էր որպես հասարակական կազմակերպության մակարդակի զեկույց:

Այս առնչությամբ, Արմեն Հարությունյանն ասաց հետեւյալը. «Իհարկե, պետք է բոլորի նկատմամբ տոլեռանտ լինել, բայց տոլեռանտությունն էլ պետք է միակողմանի չլինի: Ես պարզապես խորհուրդ կտայի Ամալյանին, որ այդպիսի մի անլուրջ փաստաթուղթ էլ իր բնագավառի վերաբերյալ ընդուներ: Միգուցե հետո հետադարձ հայացք կգցեր ու կզգար, որ կյանքում գոնե մի բան արել է: Որովհետեւ կարելի է ընդհանրապես ոչինչ չանելով էլ կյանքի կոնցեպցիա ընտրել: Դա էլ է ֆունկցիա: Բայց այդ ոլորտի վերաբերյալ միգուցե փաստաթղթի կարիք էլ կար»:

Նա նաեւ հավելեց, որ Ամալյանի արտահայտությունը ճիշտ չէ նաեւ էթիկայի եւ գրագիտության տեսանկյունից, որովհետեւ մարտի 1-ին իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցը կազմելիս օգտվել է եւ հիմնվել է նաեւ օմբուդսմենի՝ մարտի 1-ի մասին զեկույցի վրա:

«Եվ երրորդը նաեւ, որ էթիկայի կանոններից դա դուրս է, ՀԿ-ները դա հասարակության ներկայացուցիչներ են: Ես դա պատիվ եմ համարում, որ մեր զեկույցը հասարակական կազմակերպության որեւէ զեկույցի մակարդակ է: Ուրեմն մենք հասարակության ձայնը լսում ենք եւ կարողանում ենք նրա հետ ներդաշնակ լինել, որովհետեւ հասարակական կազմակերպությունները քաղաքացիական հասարակության կազմակերպված մասն են: Նրանց նկատմամբ անլուրջ վերաբերմունքը ցույց է տալիս հասարակության նկատմամբ անլուրջ վերաբերմունք»,- ասաց Արմեն Հարությունյանը: