«Իհարկե, մարտի 1-ը մեր ցավն է, եւ մենք պետք է հասկանանք, որ այն չպետք է դառնա գործիք` Հայաստանից քաղաքական զիջումներ կորզելու համար»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր նրան, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարը 20 ստորագրություն է հավաքել եւ նախագիծ է ներկայացրել, որում նշվում է, որ 2008-ի մարտին Հայաստանում իրականացվել է պետական հեղաշրջում` բանակի օգտագործմամբ:

«Բայց նաեւ մեղքը մերն է, որ մենք մինչ օրս շատ հարցերի պատասխաններ չենք տալիս եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի այդպիսի հարցադրումներ լինեն: Մարտի 1-ը մեր ցավն է, ուրեմն մենք էլ դրա պատասխանները պետք է գտնենք, որպեսզի դա կանխենք: Եթե չենք գտել, ուրեմն միշտ էլ նմանատիպ հնարավորություններ կարող են լինել տարբեր ատյաններում»,- ասաց Ա. Հարությունյանն ու հավելեց. «Այսինքն ոչ թե պետք է նեղանանք, որ դրսում այդպիսի փաստաթղթեր են ձեւակերպվում, այլ նեղանանք մեզանից, որ մինչ օրս բոլոր պատասխանները չենք կարողացել տալ»:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք, այդ պատասխանները տալու համար, օմբուդսմենը պատասխանեց. «Եթե շատ ցանկանամ տեսնել այդ քաղաքական կամքը, որոշ դրսեւորումներ կտեսնեմ, բայց դա կդառնա ոչ թե օմբուդսմեն, այլ իշխանամետ քաղաքական գործիչ: Որպես օմբուդսմեն, եթե նայում եմ` չեմ տեսնում: Եթե որպես չեզոք եմ նայում, քաղաքական ու տնտեսական համակարգերում լուրջ փոփոխություններ ունե՞նք, ես դա չեմ տեսնում: Որ շատ ցանկանամ, որոշ երեւույթներ կտեսնեմ, բայց դրանք այնքան քիչ են, որ չեմ ցանկանում տեսնել: Պետք է երեւույթներն այնքան հստակ լինեն, որ օբյեկտիվորեն ես չկարողանամ չտեսնել դրանք»: