«Իմ գլխին սեւ-մութ ամպեր չեն կուտակվել: Շատ ակտիվ աշխատում եմ»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը՝ մեկնաբանելով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:

«Նախագահն էլ, կարծում եմ, ինձնից դժգոհ չէ: Ես ամեն շաբաթ զեկուցում եմ իրավիճակը հանրապետությունում»,- նշել է Ալիկ Սարգսյանն ու հավելել. «Այդ ամենը հերյուրանքներ են: Այդ լուրերն էլ այս աթոռի հանդեպ կարոտախտով տառապող անձանց կողմից է տարածվում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե որպես «կարոտախտով տառապող անձ» նկատի ունի ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի՞ն, որի անունն էլ շրջանառվում է հնարավոր թեկնածուների շարքում, Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Ես ոչ մեկին էլ նկատի չունեմ»:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Ալիկ Սարգսյանը շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, իսկ նրան փոխարինելու է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը կամ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: