Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Զինված ուժերի համար նախատեսված ձուն հայտնվել է քաղաքացիական խանութում:

ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերահսկողության ծառայությունը մի կրպակում հայտնաբերել է ձվերի խմբաքանակ՝ 316 հատ, որոնց վրա եղել է պաշտպանության նախարարության կնիքը: ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրահանգով ռազմական ոստիկանությունը առգրավել է այդ խմբաքանակը եւ պարզել, որ առաքիչը լրիվ օրինական հիմունքներով ձու է դուրս գրել արտադրամասից, սակայն, հավանաբար շփոթել է արկղերը, եւ կրպակին է հանձնել ՊՆ կնիքով ձուն:

Դրանից հետո ռազմական ոստիկանությունը գործը հանձնել է ոստիկանությանը՝ հետաքննելու եւ պարզելու համար հանգամանքները: Ըստ Շահսուվարյանի՝ առաքիչը հավանաբար շփոթել է արկղերը քանի որ թղթաբանությունը լիովին օրինական է:

ՊՆ մամուլի քարտուղարը նաեւ «լրագրողական ֆոլկլոր» որակեց լուրը, թե ձուն հայտնաբերվել է բազմաթիվ խանութներում, նաեւ եղել է պահանջվածից ցածր որակի: