«Չկա հանցագործության որեւէ դեպք, որը չի բացահայտվում: Վաղ թե ուշ բացահայտվելու է նաեւ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Բայց կան դեպքեր, որոնք իրենցից դժվարություն են ներկայացնում, որոնք մանրակրկիտ, նախապես են կազմակերպվել: Այսպիսի մի գործ էլ Գեւորգ Մհերյանի սպանության գործն է»,- ասել է ոստիկանապետը՝ հայտարարելով, որ գործով կան ձերբակալվածներ, որոնց հետ էլ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: «Գեւորգ Մհերյանի գործը երբեք դուրս չի գալու ոստիկանության ուշադրությունից»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով սպանվել էր Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանը: Սպանությունից անցել է մեկ տարի, բայց սպանությունն այդպես էլ բացահայտված չէ. Հավանաբար հանցագործները շատ մանրակրկիտ էին նախապատրաստվել, որ հայ ոստիկանները մեկ տարի չեն կարողանում բացահայտել սպանությունը: