Ցյուրիխի ապելյացիոն դատարանը փետրվարի 9-ին անփոփոխ է թողել թուրք գործիչ Դողու Փերինչեքի երեք կողմնակիցների վերաբերյալ կայացրած որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը մերժելու, ինչպես նաեւ հակառասիստական նորմերի խախտման պատճառով։
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էկյանը, Շվեյցարիայի քաղաքացի թուրքերը ձերբակալվել են 2007 թվ. հուլիսին՝ «Վինտերտուր» հյուրանոցում կազմակերպած հավաքի ժամանակ։ Գլխավոր մեղադրյալ Ալի Մերջանը, ով 59 տարեկան է եւ ներկայացնում է Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ է»։ Նրան տուգանել են 4500 ֆրանկի չափով, իսկ նրա համախոհները կտուգանվեն 3600 ֆրանկի չափով։ 2008-ին Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը եւս Շվեյցարիայի դաշնային դատարանի կողմից նմանաօրինակ հայտարարության համար դատապարտվել էր։
Հայ-շվեյցարական միության (ASA) համանախագահ Սարգիս Շահինյանը իր գոհունակությունն է հայտնել այդ կապակցությամբ։ Նա նշել է, որ դա բեկում կմտցնի Ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ, որ տարվում է թուրքական պետության կողմից։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը հետապնդվում է օրենքով։




























