Մոսկվան, Վաշինգտոնն ու Եվրամիությունը Ադրբեջանին եւ Հայաստանին բավական հասկանալի ահազանգներ են տվել՝ ոչ մի պատերազմ, եւ դրա վերսկսման հնարավորությունը Ղարաբաղում ցածր է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանյան ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը:
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունն ուժեր չի խնայում Կովկասում նոր պատերազմ թույլ չտալու համար, քանի որ այդ հակամարտության բռնկման դեպքում, կկործանվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ռուսական դիվանագիտության «զավակը»:
«Նախատեսվում է, որ ռազմական գործողությունների դեպքում կազմակերպության անդամները ինքնաբերաբար կկանգնեն դաշնակցի կողքին, բայց գործնականում դա հնարավոր չէ»,- կարծում է Գոլցը:
Ինչ վերաբերում է հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի մարտունակության ներկայիս մակարդակին, փորձագետը նշել է, որ հայկական բանակինն ավելի բարձր է: Ըստ փորձագետի՝ հայկական բանակը գրագետ սպաներ ունի:
Նշենք, որ ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման մասին հայտարարել էր ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը:




























