ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  վաղը` փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը:

Թե կոնկրետ ինչ է սպասվում հանրահավաքում, ովքեր ելույթներ կունենան, երթ նախատեսվում է, թե` ոչ, պարզ կլինի վաղը: Վրեժ Զատիկյանը նշեց, որ դեռ վերջնական պարզ չէ` Պարույր Հայրիկյանի մասնակցությունը հանրահավաքին, դա  կախված է նրա առողջական վիճակից, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցի: «Դժվար այսօր որեւէ տեղ գնանք, իսկ վաղը նախատեսված է հանդիպումներ Երեւանում եւ Էջմիածնում»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ Պարույր Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը երեկ ուժեղացել են եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ նա քնած է,բուժզննում դեռ չի անցել, երեւի այսօր կմնա հիվանդանոցում: 

Նշենք, որ մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա: Իսկ այսօր նախատեսված  այցելությունը Լոռիի մարզ հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի  11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից: