Այսօր` փետրվարի 11-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության օրը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, այսօր Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Չցանկանալով ուրանալ կրոնն ու ազգությունը` 451թ-ին հայերն իրենց նախարարների ու հոգեւորականների գլխավորությամբ դուրս եկան անհավասար ճակատամարտի պարսկական բանակի դեմ: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվեց Վարդան Մամիկոնյանը, 7 երևելի նախարարները` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով` 296 հոգի:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ` փետրվարի 9-ին Հայ եկեղեցին նշում էր Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` հիշում էր Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, որոնց Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարան Պարսկաստան, բանտարկեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտեցին: