Ղազախստանն ու Թուրքիան երկու երկիր են, որոնք թեեւ ընդհանուր սահման չունեն, սակայն իրար հետ կապված են բարեկամության կապերով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ իր ղազախ գործընկերոջ՝ Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպմանը:

Դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումից հետո կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթերը, որոնք վերաբերվում են տարերային աղետների դեմ պայքարի եւ վիճակագրույթան ոլորտներին:

Ելույթ ունենալով պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո՝ Դավութօղլուն նշել է, որ Ղազախստանը սկսել կատարել ԵԱՀԿ նախագահի պարտականությունները, իսկ Թուրքիան գլխավորում է Ասիայում փոխազդեցության եւ փոխվստահության ամրապնդման համաժողովը (CICA): «Այս տարի ԵԽԽՎ-ն առաջին անգամ թուրք է գլխավորել: Եվրասիայի գրեթե բոլոր կազմակերպությունները ղեկավարում են ղազախներն ու թուրքերը: Թերեւս, այս տարին դառնալու է Ղազախստանի եւ Թուրքիայի տարին»,- ընդգծել է Դավութօղլուն:

Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղազախստանին՝ ԵԱՀԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղազախստան մեկնելուց առաջ՝ Անկարայի օդանավակայանում Դավութօղլուն հայտարարել էր, թե Անկարան բավարար քաղաքական կամք ունի Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նվազել է քաղաքական կամքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Դավութօղլուն պատասխանել է. «Կովկասում մնայուն խաղաղության եւ կայունության ապահովման համար մենք ունենք ուժեղ քաղաքական կամք: Առաջիկայում այս խնդրում լուրջ քայլեր են լինելու»: