Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հանցագործության մասին հաղորդում տալով:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ԱՄՆ դեսպանատան գրության` Երեւանի բնակչուհի, 1984 թ. ծնված Աշխեն Մ.-ն դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն` ոչ ներգաղթային մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով: Նա ներկայացրել է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում նաեւ իր անվամբ թիվ AD 009891 ԵՃՇՊՀ դիպլոմը, որի իսկությունը կասկածներ է հարուցել ԱՄՆ դեսպանատանը:
Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Աշխեն Մ.-ն ԵՃՇՊՀ-ում երբեւիցե չի սովորել, իսկ դիպլոմը 2008 թ. հոկտեմբերին ձեռք է բերել նրա ամուսինը` մի անծանոթ անձից` վճարելով 2.200 ԱՄՆ դոլար:
Փաստաթղթի տեխնիկա-քրեագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ հիշյալ դիպլոմի ձեւաթուղթը եւ կնիքների դրոշմները կեղծված են:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Աշխեն Մ.-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն է ներկայացրել նաեւ ՍՊԸ-ներից մեկում աշխատելու վերաբերյալ տեղեկանք, սակայն այդ ընկերությունում երբեւիցե չի աշխատել, իսկ տեղեկանքը վերցրել է ՍՊԸ-ի տնօրենից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:




























