«Իրավունք» թերթը զրուցել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ, որը, անդրադառնալով նախագահի ընտրություններին, մասնավորապես նշել է.

«- Երբ արդեն հայտնի էր, թե ովքեր են առաջադրվում, այն ժամանակ էլ ասացի, որ նախագահի ինստիտուտն այնքան է  էժանացել, որ տեղից վեր կենողը ասում է՝ ես առաջադրվելու եմ նախագահի թեկնածու։ Տո, հացադուլով նախագա՞հ են առաջադրվում, կամ գալիս հասնում են վերջին օրն ու հանո՞ւմ թեկնածությունը... Նպատակը ո՞րն էր։

- Դառնանք Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին։ Դրանք ինչպե՞ս կգնահատեք, հնարավոր համարո՞ւմ եք «Մարտի 1»-ի կրկնությունը։ Ի դեպ, ոչ ոք չէր պատկերացնի անգամ, որ Ր. Հովհաննիսյանը այդքան քվե կստանա։

- Իրոք, նա բավականին ձայներ է հավաքել, իրոք, բավականին հաջողությամբ քարոզարշավ անցկացրեց, բայց այդ բոլորը չի գալիս ասելու, որ նրա քարոզարշավը մինչեւ վերջ ծառայեց իր նպատակին։ Թե ինչ է լինելու հետագայում, դա իր ռազմավարությունն է, որը ոչ մեկին հայտնի չէ։ Բայց ես չէի ուզենա, որ Ր. Հովհաննիսյանն այսօր մատ թափ տար Ռուսաստանի վրա, թե՝ «շամպանսկին շուտ են խմում» եւ այլն։ Կարիք չկա այդպիսի մեծամիտ արտահայտություններ անել։

- Երեւի նկատի ունի այն, որ ՌԴ նախագահը շուտ է շնորհավորել։

- Ես Պուտինով հիացած չեմ, բայց առնվազն անլրջություն է այդպես խոսել մի հզոր երկրի ղեկավարի հասցեին։ Ռուսաստանի վրա ո՞վ կարող է մատ թափ տալ։ Նապոլեոնը եկավ, չկարողացավ ոչինչ անել, 430 հազար բանակից մի կերպ 30 հազարը մազապուրծ փախավ։ Հիտլերը եկավ, հասավ մինչեւ Մոսկվա, ջախջախված փախավ...

- Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, որ գնում է  դիվանագիտական հանդիպումների, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, այլ երկրների դեսպանների հետ հանդիպման։ Ի՞նչ գործ ունեն նրանք մեր երկրի ներքին խնդիրների հետ։

- Գաղտնիք չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանվում է արեւմտամետ ուժերի կողմից... Իրենց ո՞վ է իրավունք տվել խառնվելու մեր երկրի ներքին գործերին, դրա համար հարկավոր է, որ լուրջ մտածեն յուրաքանչյուր արտահայտության համար։ Այս քարոզարշավը ցույց տվեց նաեւ, որ երկիրը կարելի է այս վիճակից դուրս բերել միայն սոցիալիստական գաղափարախոսությամբ՝ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ՝ ինչպես եղել է 1920թ.։ Երկիրն այնքան խառնիճաղանջ վիճակում է, որ ով ինչ ասես կարող է այսօր ասել ու խոսել, դրա համար հարկավոր է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատական տալ մեր պատմությանը, Երկրորդ Հանրապետության ճանաչմանը եւ նրա առավելությունների ցուցադրմանը»,- մեջբերում է «Իրավունքը»