Այսօր փետրվարի 15-ին լրանում է Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին: Սա կրկին առիթ է հանդիսացել, որպեսզի Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի երթեր եւ բախումներ տեղի ունենան:

Թուրքական ոստիկանությունը դեռ օրեր առաջ սկսել է ձերբակալել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող անձանց, սակայն դա դրությունը չի փրկել, քանի որ միայն փետրվարի 14-ին մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ եւ լուրջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Ուրֆա քաղաքում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդությամբ տեղի է ունեցել հանրահավաք, որից հետո որոշում է կայացվել երթ իրականացնել, ինչին դեմ են դուրս եկել ոստիկանության մեծաքանակ ուժերը: Քրդական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Բինիջին վիճաբանության մեջ է մտել ոստիկանության հետ եւ թույլտվություն ստացել առանց կարգախոսների իրականացնել երթը: Սակայն երթի մասնակիցները ամբողջ երթի ընթացքում վանկարկում էին կարգախոսներ PKK-ի եւ Աբդուլահ Օջալանի օգտին: Ցուցարարների հետ քայլել է նաեւ Աբդուլահ Օջալանի եղբայր Մեհմեդ Օջալանը: Երթից հետո ձերբակալվել է 10 ցուցարար:

Հաքքարիում եւ Յուքսեքովայում տեղի են ունեցել անմիջական բախումներ ոստիկանության եւ հավաքված քուրդ ցուցարարների միջեւ: Ցուցարարները բարիկադներ են կառուցել եւ քարկոծել ոստիկանությանը, նրանց ուղղությամբ նետել բոցավառվող շշեր: Նրանց ցրելու համար ոստիկանները օգտագործել են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Մերսինում նույնպես պահպանվել է լարվածությունը: Այստեղ փետրվարի 15-ին բողոքի անօրինական ակցիաներ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 44 հոգի: