ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում մարտի 5-ին ձերբակալվել է 19-ամյա վարորդ Արմեն Ավանեսյանը: Գտնվելով մարիխուանայի ազդեցության տակ`երիտասարդը Հյուսիսային Գլենդելում վրաերթի է ենթարկել մի տարեց հայ կնոջ:
Ըստ «Glendale News-Press»-ի, 81-ամյա Քնարիկ Թոմասյան Շամլյանն անցնում էր պողոտան, երբ նրան վրաերթի է ենթարկել Արմեն Ավանեսյանի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Շամլյանը, ով անփութորեն փողոցը հատել է անթույլատրելի տեղում, մահացել է դեպքի վայրում:
Ավանեսյանը, որը տեղաշարժվել է առանց արագությունը գերազանցելու, մնացել է տեղում, որտեղ ոստիկանները խնդրել են նրան թմրանյութի մի քանի թեստ անցնել: Թեստերի արդյունքում ոստիկանները հայտնաբերել են, որ նա գտնվել է մարիխուանայի ազդեցության տակ: Աշխատակիցները վերցրել են նաեւ Ավանեսյանի արյան օրինակները: Հետաքննության ավարտից հետո ոստիակնությունը գործը կներկայացնի Լոս Անջելեսի տարածաշրջանային դատախազություն:
Շամլյանի մահը Գլենդելում հետիոտների մահվան առաջին դեպքն էր այս տարի: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին վրաերթի հետեւանքով մահացել է 83-ամյա Կուրկեն Անուշյանը, որը եւս փողոցը հատել է անթույլատրելի տեղից:Նրա մահը ՃՏՊ-ի հետեւանքով երկրորդն էր 2012 թվականին:




























