Քիչ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է միջազգային գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի  ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում, սա ցուցակի ընդհանուր պատկերն է, դրա առաջին երեք հորիզոնականները չեն վերանայվի: 

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով հանդես գալուն՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում է ՀՀԿ-ի դեմ, բայց ՀՀԿ-ն կողմ է քաղաքական մրցակցությանը: Ընդդիմադիր դաշտի միավորման դեպքում խոսել ՀՀԿ-ին սպառնացող վտանգների մասին, նրա կարծիքով, ճիշտ չէ, քանի որ վտանգները քաղաքական կատեգորիա չեն: Մամուլի քարտուղարը շեշտեց, որ իրենք ազատ պայքարի, մրցակցության կողմնակից են, գնալու են հանուն գաղափարի:«Կմիավորվեն, չեն միավորվի, դրանք իրենց ներքին խնդիրներն են, յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում՝ ինչպես հանդես գալ: Մենք վստահ ենք, որ ճիշտ եւ համախմբված աշխատանքի դեպքում կարող ենք հասնել շատ լուրջ հաջողության»,- նշեց մամուլի խոսնակը:

Էդուարդ Շարմազանավոը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կուսակցության գործադիր մարմնի անդամների մի մասը դեմ է եղել, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի Տարոն Մարգարյանը, որակելով դրանք ծիծաղելի եւ զավեշտալի լուրեր: Նա նշեց, որ կուսակցության ԳՄ-ն ամբողջությամբ կողմ է քվեարկել Տարոն Մարգարյանի թեկնածությանը:

Ի դեպ, նիստին նոր կառավարության ձեւավորման հետ կապված հարցեր չեն քննարկվել: