ԱՄՆ-ի սենատը հաստատել է ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Սպիտակ տան ահաբեկչության դեմ պայքարի գծով խորհրդական Ջոն Բրենանի թեկնածությունը:

Քննարկումները տեւել են 13 ժամ, դրանք ձգձգել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որն այդ ամբողջ ժամանակ փորձել է պարզել Օբամայի աշխատակազմի վերաբերմունքը անօդաչու թռչող սարքերի կիրառման հարցում:

Վերջիվերջո, սենատոր Փոլին բավարարել է Գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պետության ղեկավարը չի կարող լիազորել ամերիկյան տարածքում ռազմական գործողություններին չմասնակցող ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի կիրառումը:

Հիշեցնենք, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսն անցյալ տարվա նոյեմբերին լքել էր իր պաշտոնը` արտամուսնական սիրային կապի շուրջ սկանդալի պատճառով: «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Ջոն Բրենանը հակաահաբեկչական ոլորտում երկրի ամենափորձառու մասնագետներից է: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո նա ղեկավարել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը:

Սենատում ԿՀՎ-ի նոր ղեկավարի հաստատման լսումները մեկ ամիս առաջ սկսվել էին սկանդալով: Բրենանին համարում են  գրոհայինների դեմ «շեշտակի հարվածներով անօդաչու թռչող սարքերի» նախագծի հեղինակներից մեկը, որոնց հետեւանքով հաճախ զոհվում են խաղաղ քաղաքացիները: