ԱՄՆ-ն ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի նախկին մամուլի քարտուղարին:
Սպասվում է, որ Սուլեյման աբու Գեյթը Նյու Յորքի դատարանի առաջ կկանգնի մարտի 8-ին: ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտնել է, որ ոչ ժամանակը, ոչ էլ հեռավորությունը չեն նվազեցնի Ամերիկայի թշնամիներին արդարադատությանը հանձնելու վճռականությունը, հայտնում է lenta.ru -ն` վկայակոչելով Reutres-ին:

Հիշեցնենք, որ աբու Գեյթը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել էր Հորդանանի եւ Քուվեյթի սահմանին, իսկ հետո տեղափոխվել էր ԱՄՆ: Առաջին անգամ նա ձերբակալվել էր Անկարայում` փետրվարի սկզբին: Մինչդեռ թուրքական իշխանությունները հրաժարվել էին նրան ամերիկացիներին հանձնել` վախենալով գրոհայինների վրեժից: Թուրքական դատարանն ազատել էր աբու Գեյթին, քանի որ Թուրքիայում նա հանցանք չէր գործել: Թուրքական իշխանությունները մեկ ամսից ավելի որոշում էին` ուր ուղարկել աբու Գեյթին: Վճռվել էր նրան հանձնել Քուվեյթին, որտեղի քաղաքացի էր նա եղել մինչեւ 2001թ.:

Աբու Գեյթը հայտնի էր դարձել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, երբ արաբական հեռուստաալիքներից մեկով մահմեդականներին կոչ էր արել նոր ակցիաներ սկսել ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ: Ըստ որոշ տվյալների` բեն Լադենի փեսան անձամբ մասնակցել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նախապատաստմանը: