Ռումինիայի եւ Բուլղարիայի` Շենգենյան գոտուն միանալու հարցը կքննարկվի այս տարվա վերջին: Եվրամիության խորհուրդը որոշել է հետաձգել քվեարկությունը, որպեսզի մանրամասն քննարկի այդ քայլի բոլոր հնարավոր հետեւանքները:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Գերմանիան նախապես խոստացել էր վետո կիրառել եւ թույլ չտալ այդ երկրներին ընդգրկվել Շենգենի գոտում: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ Նիդերլանդները, Ֆրանսիան եւ Ֆինլանդիան: Այնպես որ եվրոպական առանց վիզայի տարածքին միանալու Ռումինիայի եւ Բուլղարիայի փորձերն ի սկզբանե դատապարտված էին ձախողման:
Երկու երկիրն էլ վաղուց են Եվրամիությունում, բայց շենգենյան գոտում նրանց չեն ցանկանում տեսնել: Եվրոպացիները վստահ են, որ Բուլղարիայից եւ Ռումինիայից իրենց մոտ կհոսեն թմրամիջոցներ, անօրինական զենք եւ հազարավոր միգրանտներ, առաջին հերթին գնչուներ, հաղորդում է Vesti.ru-ն:
«Այստեղ խոսքը մեր քաղաքացիների անվտանգության մասին է եւ այդ հարցում ոչ մի փոխզիջում չի կարող լինել»,-ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը, հաղորդում է RBK-ն:
Ներկայումս շենգենյան համաձայնագիրը կիրառում են ԵՄ 27 երկրներից 22-ը, գումարած ԵՄ-ում չընդգրկված 4 երկրներ` Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա:
Շենգենյան գոտուն չեն ցանկացել միանալ Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան: Առկախ է մնում երեք երկրների հարցը` Բուլղարիա, Ռումինիա եւ Կիպրոս:




























