ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով ժամանակին նույնասեռականների ամուսնությունն արգելող օրենք էր ստորագրել, այն անվանել է հակասահմանադրական եւ Գերագույն դատարանին կոչ է արել չեղյալ հայտարարել այն։

Խոսքը վերաբերում է 1996թ. ստորագրված  «Ամուսնությունների պաշտպանության մասին» (DOMA) օրենքին, համաձայն որի՝ ամուսիններ կարող են լինել միայն հակառակ սեռի ներկայացուցիչները։

The Washington Post-ում հրապարակված նյութում նախկին նախագահը գրել է, որ այն ժամանակ «բոլորովին այլ էր»: Այն ժամանակ դեռ ոչ մի նահանգ չէր ճանաչում նույնասեռ ամուսնությունները, սակայն ոմանք արդեն սկսել էին քայլեր կատարել այդ ուղղությամբ, եւ Վաշինգթոնում դիտարկվում էին նաեւ այլ պատասխաններ այդ միտմանը, որոնցից  մի քանիսն ըստ Քլինթոնի` «հրեշային են» եղել, գրում է gazeta.ru-ն:

«Մարտի 27-ին DOMA-ն կվերանայվի Գերագույն դատարանի կողմից, եւ դատավորները կորոշեն` համապատասխանում է արդյոք այն ազատությունը, հավասարությունը եւ արդարությունը գնահատող ազգի սկզբունքներին եւ Սահմանադրությանը:  Որպես այդ օրենքը ստորագրած նախագահ` ես կարծում եմ, որ DOMA-ն հակասում է այդ սկզբունքներին եւ անհամատեղելի է մեր Սահմանադրության հետ», - գրել է Քլինթոնը: