Քենիայի փոխվարչապետ Ուհուրու Քենիաթան ստացել է ընտրողների ձայների 50,03%-ը եւ ապահովել հաղթանակը նախագահական ընտրություններում: Այդպիսին են ձայների նախնական հաշվարկների տվյալները:
51-ամյա Քենիաթան, որին Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների համար, ստացել է 6,17 միլիոն ձայն:
Քենիայում բացի նախագահականից տեղի են ունեցել նաեւ նահանգապետի ընտրություններ, թեկնածուներից մեկը եղել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ խորթ եղբայր Մալիկ Օբաման:
Սակայն 54-ամյա Մալիկը պարտվել է Քենիայի արեւմուտքում գտնվող Սիայայի նահանգապետի ընտրություններում, հայտնում է ՆՏՎ-ն:
Մալիկ Օբաման առաջադրվել է որպես անկախ թեկնածու` քարոզելով աղքատության վերացում, ենթակառույցների եւ արդյունաբերության բարելավում: Ըստ քաղաքական գործչի` իր գործունեության հիմնական ոգեշնչումը կրտսեր եղբայր Բարաքի քաղաքական հաջողություններն են: Սակայն միայն ոգեշնչումը քիչ է եղել: Սիայայի նահանգապետ է դարձել Կորնել Ռասանգան:


























