Ամերիկյան Royal Caribbean International ընկերության նավի շուրջ 100 ուղեւորներ Կարիբյան ծովով ճամփորդելիս վարակվել են աղեստամոքսային հիվանդությամբ:
11 օր տեւած ճամփորդության ժամանակ զբոսանավի 1991 ուղեւորներից հիվանդության ախտանշաններ զգացել են 105-ը: Հիվանդների շարքում են նաեւ նավի 772 մարդուց բաղկացած անձնակազմից երեքը: Վարակի աղբյուրը դեռ չի ճշտվել: Մարտի 8-ին նավը ժամանել էր Ֆլորիդայի նահանգի Պորտ Էվերգլեյդս նավահանգիստ, որտեղ հիվանդներին շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ին:
Այդ հիվանդությունն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, որովայնի հատվածում ցավերով: Այն սովորաբար առաջանում է փակ կամ կիսափակ տարածություններում, այդ թվում նաեւ ուղեւորատար նավերում, որտեղ վարակն արագ փոխանցվում է:




























