Հռոմի նոր պապի ընտրության կոնկլավը կկայանա մարտի 12-ին Վատիկանում: Համապատասխան որոշում է կայացվել մարտի 8-ին` Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կարդինալների համընդհանուր կոնգրեգացիայում, որին մասնակցել են բոլոր 115 կարդինալները, հայտնում է Agence France-Presse-ը: Կարդինալների կոնգրեգացիաները Վատիկանում սկսվել են մարտի 4-ից:
Կոնկլավն ավանդաբար տեղի է ունենում փակ տարածքում` առանց օտարների ներկայության: Կոնկլավի օրը մասնակիցները երկու անգամ քվեարկում են: Ձայների հաշվարկից հետո քվեաթերթիկներն այրվում են. այդ պահին Սիքստինյան տաճարից սեւ ծուխ է բարձրանում: Եթե թեկնածուներից մեկը հավաքում է հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ (2/3-ից ոչ պակաս` գումարած մեկ), կրակին ավելացնում են հատուկ գունանյութ, եւ ծուխը սպիտակ է դառնում, հայտնում է «Ամիտելը»:
Հռոմի նոր պապի ամենահավանական թեկնածու բուքմեյքերները համարում են Գանայի սեւամորթ կարդինալ Փիթեր Թերքսոնին, որը 2009թ.-ից գլխավորոմ է Արդարության եւ խաղաղության պապական խորհուրդը: Նրա հիմնական մրցակիցներից են իտալացի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, իտալացի կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, կանադացի կարդինալ Մարկ Ուելեն եւ նիգերիացի կարդինալ Ֆրենսիս Արինզեն:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI (աշխարհիկ անունը` Յոզեֆ Ռատցինգեր) պապական աթոռից հրաժարվել էր 2013թ. փետրվարին: Նա իր արարքը հիմնավորել էր տարիքով եւ առողջական վիճակի վատթարացմամբ:




























