Ռամզան Քադիրովն Իսրայելում մզկիթ է կառուցում: Մահմեդական նոր տաճարն ալ-Աքսա սուրբ մզկիթից հետո իր նշանակությամբ պետք է դառնա երկրորդը, հայտնում է Իսրայելի «Մաարիվ» թերթը:
Պարբերականի տեղեկություններով` նոր մզկիթը պետք է կառուցվի Երուսաղեմից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աբու Գոշ գյուղում: Ընդ որում, մզկիթի կառուցման նախնական գաղափարը պատկանում է գյուղի բնակիչներին, ովքեր երկու տարի առաջ տեղի ռեստորաններից մեկի սեփականատեր Իբրահիմ Ջավադաթից իմացել են իրենց չեչենական արմատների մասին: Չեչնիայի կառավարությունը որոշել է օգնել մահմեդականներին:
Ըստ լրագրողների` նոր մզկիթը, որի շինարարությունն արդեն ընթանում է, կկրի Ահմեդ Քադիրովի անունը: Միաժամանակ, մզկիթ տանող փողոցի անունն արդեն անվանափոխվել է Չեչնիայի նախկին ղեկավարի անունով: Ավելի վաղ Ռամզան Քադիրովը խոստացել է անձամբ ներկա լինել նոր մզկիթի բացմանը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Ըստ NEWSru.com-ի` Քադիրովի իսրայելյան նախագծի արժեքի մասին տեղեկություններ չկան: Չեչնիան դոտացիոն տարածաշրջան է եւ շռայլորեն ֆինանսավորվում է դաշնային կենտրոնի կողմից: Սակայն 2011 թվականին Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հանրապետությանը փողն «Ալահն է տալիս»:



























