Ֆրանս-գերմանական ընդհանուր պատմության դասագիրքը, ամենյն հավանականությամբ, 50-ամյա երկկողմ հարաբերությունների վերջնակետն է, քան` մեկնարկային օղակը: Այս մասին, այսօր` մարտի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
«Այդ դասագիրքը ստեղծել են ֆրանսիացի եւ գերմանացի երկիտասարդները: Նրանք նաեւ օգնության համար դիմել են պատմաբանների: Դասագիրքը նպատակ չունի ինչ-որ դասեր տալ Հայաստանին, այն պարզապես կարող է ընդունվել որպես հաշտության օրինակ»,-նշել է դեսպանը:
Հարցին, թե ինքը նկատի ունի հայ-ադրբեջանակա՞ն, թե՞ հայ-թուրքական հաշտությունը, ֆրանսիացի դիվանագետը պատասխանել է, որ այդ մասին ավելի լավ պետք է իմանա հայ ժողովուրդը: «Ցանկացած ժամանակ կարելի է փոխել պատմության ընթացքը: Երկարատեւ թշնամանքից հետո հնարավոր է անցնել փոխըմբռնման եւ համագործակցության: Հենց ձեր սերունդը պետք է հաշտության ուղի գտնի ձեզ հետ թշնամություն անող կողմերի հետ»,-ընդգծել է Ռենոն:



























