Մենք հետաքրքիր նախաձեռնություն հանդիսացող նախագիծ ենք ներկայացնում: Այդ մասին այսօր` մարտի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` անդրադառնալով «Կառուցել ընդհանուր ապագա. Ֆրանս-գերմանական պատմության դասագրքի նմուշ» վերնագրով նախագծին, որը մեկնակել է Երեւանի պետական համալսարանում: 

«Մենք  հանդես չենք գալիս որպես ուսուցիչներ,  մենք պարզապես ներկայացնում ենք` ինչեր են տեղի ունեցել մեր երկրներում: Երկու երկրներ փորձել են դուրս գալ դժվար կացությունից, եւ դա նրանց մոտ ստացվել է: Մենք պարզապես ցանկանում ենք ձեզ պատմել մեր պատմությունը: Սակայն ինչ աստիճանով դուք կօգտվեք մեր օրինակից, դա կախված է միայն ձեզանից», - ընդգծել է գերմանացի դիվանագետը:

Նա նաեւ հավելել է, որ նախագծի սկզբի համար օրվա ընտրությունը միանգամայն պատահական է: «Կարեւորը դա չէ, այլ նախաձեռնոթյան հիմքում ընկած գաղափարները: Ընտրվել էր Երեւանի պետական համալսարանը, քանի որ  առանց երիտասարդության աշխուժության նման նախագիծը չէր կարող իրականանալ», - եզրակացրել է Ռայներ Մորելը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am