Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության եւ «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ, մարտի 11-ին տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ  երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը մեկնարկել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշել է, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: «Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով` հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը եւ ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին»,-ասել է նա:

Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես են եկել 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները:

Համերգի ամբողջ հասույթը փոխանցվել է երկրաշարժից եւ ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին:

Միջոցառումը, որին մասնակցել է մոտ 800 հանդիսատես, լուսաբանվել է ճապոնական լրատվամիջոցներով: