Վատիկանը բացահայտել է այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հաջողվում է ստանալ ծխի անհրաժեշտ գույնը` հավատացյալներին տեղեկացնելու համար նոր Հռոմի Պապի ընտրությունների ելքի մասին: Եթե ծուխը սեւ է, ապա քվեարկությունը դեռ արդյունք չի տվել, եթե սպիտակ է` նոր Պապն ընտրվել է:

Ինչպես հաղորդվել է Սուրբ գահի պաշտոնական կայքում, ժամանակակից պատմության մեջ մի քանի դեպք է գրանցվել, երբ ծխի գույնով հնարավոր չի եղել որոշել քվեարկության ամփոփումը: Դրա համար սկսած 2005 թվականին տեղի ունեցած գաղտնի ժողովից, տարբեր գույների ծուխ արտադրելու համար օգտագործվում են հատուկ սարք, որի մեջ այրում են հատուկ ընտրված իրեր:

Սեւ ծուխ ստանալու համար օգտագործում են կալիումի պերեքլորատի խառնուրդ, անտրացեն եւ ծծումբ: Սպիտակ ծխի համար սարքի մեջ այրում են բերտոլետի աղ, լակտոզ եւ կոնոփոլ: Մինչ 2005 թվականը սեւ ծուխ ստանալու համար այրել են խեժ, իսկ սպիտակ ծխի համար` թաց ծղոտ, հաղորդում է «Ֆոնտանկա.ռու»-ն:

Հիշեցնենք, որ մարտի 12-ի երեկոյան եւ մարտի 13-ի առավոտյան Սիքստինյան մատուռի ծխնելույզից սեւ ծուխ է դուրս եկել. Պապը դեռ չի ընտրվել: