ԱՄՆ-ում Reuters տեղեկատվական գործակալության խմբագրի սոցիալական ցանցերի հետ աշխատանքի գծով տեղակալ Մեթյու Քեյսին մեղադրում են Anonymous-ի հաքերների խմբի հետ հանցավոր համաձայնության գալու համար`Tribune Company ընկերության կայքը կոտրելու նպատակով, որտեղ նախկինում աշխատել էր Քեյսը: 

Ըստ մեղադրող կողմի` Քեյսն Anonymous-ի հաքերներին է փոխանցել ընկերության  ցանցի լոգինը եւ գաղտնաբառը: Միջադեպը տեղի է ունեցել նախքան Քեյսի Reuters գալը: Մեթյու Քեյսն աշխատել է  Քալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի  Tribune Company ընկերությանը պատկանող  KTXL FOX 40 հեռուստաընկերությունում որպես վեբ-պրոդյուսեր, սակայն նրա պայմանագիրն ավարտվել է 2010թ. հոկտեմբերին եւ չի երկարացվել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Քեյսը գտել է հաքերներին եւ նրանց փոխանցել կայքի գաղտնաբառը: Հաղորդվում է, որ հաքերներից մեկին հաջողվել է կոտրել եւ փոխել Los Angeles Times թերթի կայքի արտաքին տեսքը, սակայն կայքում նկատել են  դա եւ ընդհատել հաքերի աշխատանքը: Երբ Քեյսն իմացել է, որ հաքերը հաջող հարձակում է իրականացրել Tribune Company-ի վեբկայքի վրա, նա իբր գրել է վերջինիս. «Հիանալի է»:

Դատը նշանակվել է ապրիլի 14-ին: Մեղավոր ճանաչելու դեպքում Քեյսին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք: