Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոսը հոգեւորական է դարձել անպատասխան սիրո պատճառով: 1940-ական թվականների վերջին պոնտիֆիկը սիրահետել է Ամալյա Դամոնտեին:

Դա եղել է 1948 կամ 1949 թվականին, երբ իտալացի ներգաղթյալի տղան նրա մոտ է գնացել նամակը ձեռքին: Ամալյան չի իմացել, որ այդ պահին նա ընդամենը 12 տարեկան է:

«Նա ինձ սիրային նամակ էր գրել, որտեղ ասել էր, որ կցանկանար մի գեղեցիկ օր ամուսնանալ ինձ հետ: Այդտեղ նա ինձ հասկացրել էր, որ մերժվելու դեպքում հոգեւորական կդառնա: Ի երջանկություն նրա, ես «ոչ եմ» պատասխանել»,- պատմել է Դամոնտեն:

Այդ նամակում Բերգոլիոն նկարել էր սպիտակ տուն, որի տակ գրել էր.«Այստեղ մենք երջանիկ կապրենք»: Ինչպես պատմել է Դամոնտեն, իրեն երիտասարդ Խորխեն դուր էր գալիս, բայց նա ստիպված մերժել է նրան, քանի որ այդ միությանը դեմ էր իր հայրը, գրում է «Ուտրո.ռու»-ն:

Հնարավոր է` Դամոնտեն Պապի կյանքում միակ սերը չի եղել: Երեք տարի առաջ այն ժամանակվա կարդինալը խոստովանել է, որ ինքն ընկերուհի է ունեցել, որի հետ սիրել է տանգո պարել:

Հիշեցնենք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար է դարձել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, ով անվանվել է Ֆրանցիսկոս: