Ադրբեջանական կողմը հերթական անգամ աչքի է ընկել հակահայկական հայտարարություններով: Այս անգամ հակահայ քարոզչության խոսափողը իրեն ռազմական փորձագետ հորջորջող Ուզեիր Ջաֆարովն է, ով անդրադարձել է ադրբեջանական բանտում հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվանը:
Ողբերգությունից անցել է երկուսուկես տարի եւ ներկայումս գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մեկնաբանելով հայկական կողմից ՄԻԵԴ դիմելու փաստը, Ջաֆարովն իրեն թույլ է տվել պնդել, որ «Ադրբեջանը բավականաչափ փաստեր ու ապացույցներ ունի` պնդելու, որ բռնության գործադրմամբ մահ չի եղել: Ինչ վերաբերում է Սարիբեկյանին, ապա «իմանալով, որ պետք է մեկնի Հայաստան, ինքնասպան է եղել»:
Թե ինչպիսի «փաստերի» վրա է հիմնված այդ պնդումը, հայտնի է միայն Ջաֆարովին եւ Ադրբեջանի համապատասխան մարմիններին: Ոչ միջազգային կառույցներին, ոչ հայկական կողմին նման «փաստեր» հայտնի չեն:
NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունում հաստատեցին, որ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները չեն հանդիպել Մանվել Սարիբեկյանի հետ: Իր հերթին Հայաստանի գերիների, պատնդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը ադրբեջանցի «փորձագետի» հայտարարությունները ապատեղեկատվություն համարեց, որը դիտավորյալ է տարածվել ադրբեջանական իշխանությունների կողմից:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Սարիբեկյանին գերի վերցնելուց անմիջապես հետո ադրբեջանական իշխանությունները նրան փորձում էին ներկայացնել որպես «դիվերսանտ»: Ջաֆարովի վարկածով ստացվում է, որ դիվերսիայի մեջ մեղադրվող Սարիբեկյանին Ադրբեջանի «մարդասիրական» իշխանները պատարստվում էին վերադարձնել հայրենիք , իսկ դա «դիվերսանտին» այնքան դուր չեկավ, որ նա «ինքնասպանություն գործեց` միայն թե չվերադառնար»: Գաղափարն առնվազն անհեթեթ է: Սակայն պրն Ջաֆարովն ակնհայտ հակասությունները չի ցանկանում տեսնել կամ միտումնավոր մոլորվում է հակահայ քարոզչության մեջ կամ խեղաթյուրում է փաստերը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտական անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել:
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետեւ տեղադրվել է համացանցում, որտեղից էլ Մանվելի ծնողները տեղեկացել են, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է նման թույլտվություն տալը:
2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից եւ սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանի որ այն եղել է քայքայված վիճակում:
2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:
2010թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ըստ որի պարզվել է, որ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, որոնք չէին կարող առաջանալ կախվելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահվանից մեկ եւ երկու օր առաջ:




























