2010 թվականի փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.0%:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2010-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.5 տոկոսային կետով:
Նկատենք, որ սովորաբար հունվար ամսին, ամանորից հետո գներն ընկնում են, իսկ այս տարի նրանք 1,7 տոկոսի աճ են արձանագրել, ինչն աննխադեպ է: Այս առնչությամբ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բացի այդ, ճգնաժամի պայմաններում սովորաբար նկատվում է գնանկում, սակայն Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է, որը պայմանավորված է տնտեսական խեղված համակարգով, օլիգարխիկ, կլանային տնտեսության առկայությամբ, որտեղ իսպառ բացակայում է մրցակցությունը:
Ըստ ԿԲ հաղորդագրության, հանքահումքային ու հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ինչպես նաև ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ պայմանավորված ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը նպաստում են առկա գնաճային միջավայրի պահպանմանը: «Թեև կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը գերազանցելու է նպատակային թիրախը, նախորդ տարվա գնաճային զարգացումներով պայմանավորված, 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո այն հետագայում որոշակիորեն նվազելու է: Գնաճի վերոնշյալ միտումների ներքո դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացմամբ ԿԲ խորհուրդը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել կանխատեսվող հորիզոնում գնաճի շեղումները նպատակային թիրախից»,- ասված է հաղորդագրության մեջ:
. Խաչատրյանը նույնպես նշեց, որ ԿԲ-ն ամենակոշտ միջոցներով փորձում է զսպել գնաճը, այդ թվում արտարժութային ինտերվենցիաներ իրականացնելով եւ «մսխելով» իր պահուստները, որոնք համալրված են նաեւ ԱՄՀ վարկային միջոցներով: Նրա ներկայացմամբ, քանի դեռ ՀՀ տնտեսական համակարգը չի ձերբազատվել քրեա-օլիգարխիկ բնույթից, ոչ մի միջոցառում արդյունք չի տալու:



























