Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ այս տարվա փետրվարի նախնական տվյալները սենսացիա չեն պարունակում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` ինչպես նախորդ ամսին,  աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության:

Փետրվարին տնտեսության ակտիվության ցուցանիշը, անցած տարվա փետրվարի համեմատ, կազմել է 106,9%: Հունվարի հետ համեմատած` փետրվարի ցուցանիշը դանդաղել է  2,2 տոկոսային կետով:  Արդյունաբերությունում եւս  փետրվարին արձանագրված աճի երկնիշ ցուցանիշը` 13,3%, հունվարյան ցուցանիշից պակաս է  5,5 տոկոսային կետով:

Հունվարին արդյունաբերության բարձր ցուցանիշներ է ապահովել արտահանվող մի շարք մետաղների  արդյունահանումն ու մասնակի մշակումը, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությունը: Ինչպես հայտնի է, կոնյակի  եւ ծխախոտի հարցում դրական տեղաշարժը պայմանավորված է  արտահանման ծավալի աճով:

Թեթեւ ատաջընթաց է նկատվել գյուղատնտեսութայն մեջ, որում համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է 2,3%-ով, հիմնականում` անասնաբուծության հաշվին:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ընթացիկ փետրվարին ապրանքաշրջանառության  ծավալն աճել է 7,5%-ով, ինչը վատ ցուցանիշ չէ: Միջին անվանական աշխատավարձի մեծությունը փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2%-ով,  միայն 0,1 տոկոսային կետով գերազանցելով գնաճը: Այս փաստը չի համընկնում  ինչպես ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի աճի, այնպես էլ վճարովի ծառայությունների նկատելի աճի ծավալի հետ` 8,1%: Ստացվում է, որ ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալը ապահովել է ոչ թե աշխատավարձի, այլ բնակչության եկմուտների այլ աղբյուրների հաշվին:

Հունվարին Հայաստանի առեւտրային բանկերի համակարգով ֆիզիկական անձանց կողմից ստացված արտաքին տրանսֆերտների ծավալն աճել է գրեթե 11,0%-ով: Եթե փետրվարին եւս նման աճ է արձանագրվել, ապա հենց այդ գործոնով էլ կարելի է բացատրել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում դրական միտումները: Բացի այդ, դատելով առեւտրային բանկերում ավանդների ռեկորդային աճից (հունվարին  33,4%-ով), բարելավվել է քաղաքացիների որոշակի կոնտինգենտի ֆինանսական վիճակը:

Այսինքն աշխատվարձը գրեթե չի ազդել մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների դինամիկայի վրա:

Ալբերտ Խաչատրյան