Անհայտ տղամարդը բարձրացել է Վատիկանում սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին եւ սպառնալիքներ հնչեցրել, որ ինքնասպան կլինի: Պոտենցիալ ինքնասպանը ալբանացի է, նա 49 տարեկան է: Դեռեւս հայտնի չէ, ինչն է նրան դրդել նման քայլը: Նա ոչ մի պահանջ առաջ չի քաշել, հաղորդում է НТВ-ն:

Վատիկանում սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին հայտնված տղամարդն իսկական խուճապ է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում: Հրապարակում  բազմաթիվ մարդիկ են հավաքվել, դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ոստիկանները համոզել են տղամարդուն չթռչել, այլ հանգիստ ցած իջնել գմբեթի վրայից:

49-ամյա ալբանացին ավելի ուշ պատմել է, որ ցանկանում էր ինքնասպան լինել «ընտանիքում եղած խնդիրների պատճառով»: Նշվում է, որ նրան բազմիցս պատասխանատվության են ենթարկել հարազատների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, միջադեպը տեղի է ունեցել Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի մոտ Վատիկանույն գրանցված դիվանագետների ընդունելության ժամանակ:

Հայտնի տաճարի գմբեթի բարձրությունը 128 մետր է, որտեղ կարելի է հեշտությամբ բարձրանալ եւ թռիչքի բարձրությունից դիտել Պապի քաղաք-պետության տարածքը: