Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի եւ Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Սփյուռքի համանման կառույցների հետ:
Նիստի ընթացքում քննարկվել են նորաստեղծ մարմնի առջեւ կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը եւ հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր փոխանակեցին կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկան աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով եւ մեկնաբանություններով:




























