«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ)՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ, հայտարարում են Երեւակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը:
Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երեւակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:
Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը եւ համաշխարհային խնդիրների լուծմանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է հետեւյալ անվանակարգերում՝ 1. Խաղեր, 2. Նորարարություն, 3. Համաշխարհային քաղաքացիություն: Այս տարի Մայքրոսոֆթը կրկնապատկել է հաղթող թիմերի պարգեւատրման գումարը՝ հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:
Թեեւ մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրեւ գաղափարի հեղինակ եւ թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Նախորդ տարիների նման այս տարի եւս կազմակերպիչները հանդիպումներ կանցկացնեն դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ եւ կտրամադրեն տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում-հայտերը ներբեռնել www.mic.am կայքից մինչեւ 2013թ. ապրիլի 8-ը: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.imaginecup.com կայք:
Երեւակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է: Մրցույթի անցկացման 11 տարիների ընթացքում ավելի քան 1 մլն. Ուսանողներ են մասնակցել աշխարհի 183 երկրներից: Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց նորարար եւ համարձակ գաղափարներով մասնակցել աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ բացահայտել սեփական ներուժը: Մրցույթի հաղթող թիմը հնարավորություն է ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս լավագույն նախագծերը, իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար:




























