Այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Իռլանդիայի դեսպանները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաեւ ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում եւ վարկանիշային աղյուսակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ս.թ. մայիսին մեկնարկող Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է, որ ապրիլին Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը եւ այդ այցելության ընթացքում կվերջնականացվեն հայկական նախագահության գերակայությունները եւ միջոցառումների ծրագիրը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։