Թուրքիայի վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել մամուլում Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետերի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի կապակցությամբ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմերն արժեւորել են թուրք եւ հրեա ժողովուրդների միջեւ պատմական համագործակցությունն ու ուժեղ բարեկամությունը։ «Պարոն Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի կողմից գործողությունների ժամանակ մի շարք օպերացիոն սխալներ են եղել, որոնք մատնանշում են հետաքննությունները։ Նա Իսրայելի անունից թուրք ժողովրդից ներողություն է խնդրել՝ մահվան ելքով ավարտված ամեն տեսակ սխալի համար։ Պարոն Էրդողանն էլ այդ ներողությունն ընդունել է թուրք ժողովրդի անունից»,-ասվել է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ երկու ղեկավարները համաձայնության են հասել փոխհատուցման հետ կապված։
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության տորմիղի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր: Այս դեպքից հետո կտրուկ վատացել էին թուրք-իսրայելական հարաբերությունները։ Իսրայելը հրաժարվում էր ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին։




























