Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 22-ին, ընդունել է Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին եւ նախագահ Գրեգ Սարգսյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը եւ ներդրումը Հայոց ցեղասպանության եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է նաեւ, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը եւ ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ-ի եւ Զորյան ինստիտուտի միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:




























